Thursday, September 25, 2014

Արշավին պետք է նախապատրաստվել համակողմանի


Արշավին պետք է նախապատրաստվել համակողմանի:

Առողջ միտք` առողջ մարմնում: Այս կարգախոսով պայմանավորված, ինչպես նաև միմյանց ավելի լավ ճանաչելու նպատակով վարժարանում ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժանելի մասն են կազմում ավանդական արշավները, որոնք կազմակերպվում են ուսումնական տարվա սկզբին: Ու թեև արշավին մասնակից քվանտականների, ծնողների և ուսուցիչների մեծ մասը տարիների ընթացքում արդեն հմուտ արշավականներ են դարձել, այնուամենայնիվ, ավելորդ չենք համարում առաջիկա արշավներին ընդառաջ մի քանի օգտակար խորհուրդներ ներկայացնել ԵՊՀ ֆ.-դ. ամբիոնի պրոֆեսոր Գ. Ա. Պետրոսյանի կողմից: Եվ այսպես, արշավին պետք է նախապատրաստվել համակողմանի: Յուրաքանչյուր արշավ ունի որոշակի նպատակ և խնդիրներ: Դրանք կարող են լինել այլազան ու բազմաբովանդակ` ճանաչողական, իմացական, հետազոտական, սպորտային և այլն: Հետևաբար արշավականները` նրա կազմակերպողները և մասնակիցները, առաջիկա միջոցառման նպատակը հստակ պատկերացնելու պարագայում առավել հանգամանորեն կնախապատրաստվեն արշավին` ապահովելով նրա գրեթե անթերի ընթացքը: Արշավականների հիմնախնդիրներից առաջինը տուրիստական հանդերձանքի և գույքի ձեռքբերումն է ու դրանց նպատակային օգտագործման կանոնների պահպանումը: Արշավի մասնակիցները պետք է ձեռք բերեն միջին տարողության ուսապարկ, փոքր (1-2 տեղով) վրան, տուրիստական ոտնամաններ, տաք հագուստ (այդ թվում` բրդյա գուլպաներ), բամբակից շապիկներ, գլխարկ (նաև արևից պաշտպանող), արևից աչքերը պաշտպանող ակնոցներ, քամուց պաշտպանող վերնազգեստ, ձեռնոցներ և այլն: Արշավականները նախօրոք պետք է պատկերացում ունենան առաջիկա հետիոտն երթուղու բնական և արհեստական արգելքների` վերելքների, վայրէջքների, անտառի, գետերի, անհարթություների, ձյան ծածկի և այլնի մասին: Տվյալ տեղանքին վաղօրոք ծանոթացումը լավ նախապատրաստվելու և առկա դժվարություները հմտորեն հաղթահարելու հնարավորություն կընձեռեն: Նպատակահարմար է, որ արշավականները տիրապետեն բնության մեջ ճիշտ կողմնորոշվելու միջոցներին, տարաբնույթ եղանակներին` նաև անտառում երթուղուց չշեղվելու, բարդ իրադրություների հաղթահարման հնարքներին տիրապետելու համար: Այս իմաստով արշավականների ընդհանուր ֆիզիկական և բարոյակամային պատրաստականության մակարդակի բարձրացման և բնական ու արհեստական արգելքները հաղթահարելու ընդունակությունների բարելավման գործընթացի կազմակերպումը մինչև արշավը խիստ կարևոր է: Հետևաբար, ուսումնական հաստատության ֆիզիկական և զինվորական պատրաստականության պատասխանատու անձը վաղօրոք` նախքան արշավը, մասնակիցների հետ պետք է կատարի համապատասխան ուսումնամարզական և բացատրական աշխատանք` հաշվի առնելով նրանց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը և առաջիկա հետիոտն երթուղու բնույթը: Իհարկե, որևէ արշավի կազմակերպումն անթույլատրելի է առանց երթային դեղատուփի, առաջին բուժական օգնության համալիր դեղամիջոցների, փաթեթների, կեմի (ժգուտ), ինչպես նաև կենցաղային որոշակի իրերի (դանակ, տափակաշուրթ աքցան, ասեղ, թել, կապիչներ և այլն) առկայության: Առավել կարևոր է ոտնամանների (կոշիկների) ճիշտ ընտրությունը: Եթե այն ոտքին հարմար է ընտրված, ապա բացառվում է ոտքերի հարումը, վնասվածքների առաջացումը, ուստի բարվոք երթի ընթացքի կարևոր նախապայման է հանդիսանում: Այս իմաստով նպատակահարմար է ընտրել երկարաճիտ ոտնամաններ, որոնք կընդգրկեն նաև սրունքի ստորին 5-8 սմ մասը, իսկ ներսից պետք է դրվի սպունգանման միջատակ (ստելկա): Նպատակահարմար է, որ արշավի կոշիկի` գետնին շփվելու, տակի մասի վրա լինի չսահելու, չսայթաքելու դաջվածք, ինչպիսին ավտոդողերինն է: Արշավի ոտնամանը 1,5-2 համարով պետք է մեծ լինի սովորական կոշիկից` բրդյա գուլպաներ հագնելու, վնասվածքներից զերծ պահելու համար` անկախ տարվա եղանակից: Արշավի հաջող ընթացքը պայմանավորված է անհրաժեշտ սննդատեսակների ընտրությամբ: Մեկօրյա 6-8 ժամ տևողությամբ երթարշավի դեպքում մեկ անհատի համար անհրաժեշտ է վերցնել կենդանական ծագման սպիտակուցներով հարուստ մթերք (120 գ) , այդ թվում` մսեղեն, ձուկ, ձու, պանիր, ճարպեր (40-50 գ), ածխաջրեր պարունակող մթերք` հաց, թխվածքներ (մինչև մինչև 500 գ) և, իհարկե, միրգ ու բանջարեղեն: Արշավի ժամանակ առանձնահատուկ կարևորություն է ստանում ջրի օգտագործման հարցը: Հատկապես դեռահասներն ու պատանիները ֆիզիկական ակտիվության պարագայում ջուր օգտագործելու արտակարգ պահանջ են զգում: Դա հասկանալի է, որովետև տևական վերելքների և անհարթություների հաղթահարման ընթացքում ակտիվանում է օրգանիզմում ընթացող նյութափոխանակությունը և քրտնարտադրությունը, ուստի օրգանիզմում խիստ պահանջ է առաջանում ջրի նկատմամբ: Իհարկե, արշավի ընթացքում ջուր պետք է օգտագործել, սակայն խիստ չափավոր: Նպատակահարմար է, որ այն լինի եռացրած: Արգելվում է սառցաջուր օգտագործելը: Եթե հետիոտն արշավը տևում է 5-6 ժամ, ապա ընդունվելիք ջրի քանակը չպետք է գերազանցի 600 սմ3 -ից, որովհետև օգտագործվող մրգերի, բանջարեղենի մեջ նույնպես զգալի քանակությամբ հեղուկ է պարունակվում: Ընդ որում, ջուրը պետք է ընդունել կում-կում և ոչ զգալի քանակով: Այլ կերպ` աղեստամոքսային տրակտը ջրով ծանրաբեռնելը օրգանիզմի համար լրացուցիչ հոգնածություն է առաջացնում, դժվարացնում սրտանոթային և շնչառական օրգանների գործունեությունը, հատկապես վերելքները առհասարակ անթույլատրելի էու վտանգավոր, մանավանդ քրտնած վիճակում: Օրգանիզմի ջրի պահանջը լրիվ կհագեցվի արշավի ավարտին, ըստ որում նպատակահարմար է այն կատարել առավելապես թեյով կամ մրգահյութերով, եթ այդպիսի հնարավորություներ կան: Հետիոտն արշավը, ըստ նրա բարդության հաղթահարվում է հանգստի ընդմիջումներով: Որքան բարդ է տեղանքի ռելիեֆը, մեծ են վերելքների և վայրէջքների թեքություններն ու առկա բնական ու արհեստական խոչընդոտները, այնքան հաճախակի են կատարվում հանգստի ընդմիջումները, սակայն պասիվ հանգիստը չպետք է գերազանցի 5-6 րոպեն, հատկապես ծովի մակերևութից 3000 մ և ավելի բարձրություների վրա ու ցրտաշունչ եղենակների ժամանակ: Երթարշավը պետք է ընթանա մեկ շարքով` արշավի ղեկավարի կամ փորձառու արշավականի առջևից գնալով: Արգելվում է առաջնորդից առաջ անցումը: Երթի ընթացքի արագությունը պետք է լինի դանդաղ, մեկ րոպեում սրտի կծկումների քանակը չպետք է գերազանցի 140 –ը: Շնչառումների քանակը 1 րոպեում չպետք է գերազանցի 18-ից: Անհրաժեշտության դեպքում, հատկապես նշանակալի թեքություն ունեցող վերելքների հաղթահարման ժամանակ հանգստի դադարները պետք է կատարվեն հաճախ` յուրաքանչյուր 6-8 րոպես մեկ անգամ, 4-5 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր արշավի անվտանգության հիմքը յուրաքանչյուր արշավականի գիտակցական կարգապահությունն է: Առկա է այդօրինակ կարգապահություն, ապահովված է արշավի հաջողությունը: Ահա կարգապահական մի քանի պահանջներ.
1. Ոչինչ չկատարել միայնակ: 
2. Չհեռանալ խմբից առանց արշավի ղեկավարի թույլտվության: 
3. Չկտրվել խմբից, երբ տեսողությունը կամ լսողությունը դժվարացած է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: 4. Զգուշանալ խիստ թեքության ժայռոտ լանջերից: 
5. Կախված ժայռերը, նեղ-նեղ արահետները հաղթահարել առավել զգուշությամբ: 
6. Ամպրոպից չպետք է սարսափել, սակայն անհրաժեշտ է որոշակի զգուշություն. չի կարելի ամպրոպի ժամանակ պաշտպանվել միայնակ ծառի կամ հենասյունի, այլ առարկաների տակ: Առավել անվտանգ է պատսպարվել մեծ քարարի հետևում կամ անտառի գաճաճ թփուտներում: Թաքստոց կարող են ծառայել նաև խրամատները, տնակները: 7. Հաճախ անհրաժեշտ է հանգստի պահին սրբիչով մաքրել հատկապես իրանի, գլխի քրտինքը և փոխել քրտինքից խոնավացած շապիկը: 
8. Ցանկալի է, որ արշավականները ունենան կինո, լուսանկարչական ապարատներ` գեղատեսիլ վայրերում նկարվելու, նաև օրագիր` հետաքրքիր պահերի, դեպքերի, բուսական կենդանական աշխարհի արժանահիշտակ երևույթների մասին նշումներ կատարելու համար: Արշավականները, իհարկե, պետք է տիրապետեն առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություներին` տուժածներին անմիջապես համապատասխան ձևով օգնելու, այդ թվում` վնասվածքների, կոտրվածքների, հոդախախտումների, ուշագնացության, ցրտահարության պարագաներում: Հետիոտն արշավը կարևոր միջոցառում է: Այն արշավի մասնակցին ոչ միայն հնարավորություն է ընձեռում անձամբ ճանաչելու իր հայրենի երկիրը, նրա բնաշխարհը, լեռները, գետերը, լճերը, պատմամշակութային կոթողները, այլև միաժամանակ ինքն իրեն ճանաչելու, հարստացնելու իր ֆիզիկական կարողություններն ու հնարավորությունները, բարձրացնելու սեփական ֆիզիկական և բարոյակամային պատրաստականությունը, դառնալու առավել տեղեկացված, գիտակից, հայրենասեր ու հայրենանվեր, ընկերասեր քաղաքացի: Ավելորդ չէ նշել, որ առհասարակ և հատկապես երթարշավից առաջ կամ անմիջապես ընթացքում ավարտից հետո անթույլատրելի, հակաառողջարար է ալկոհոլի ընդունումը, ծխելը և արհեստական խթանիչների օգտագործումը:

No comments:

Post a Comment